Foto

Պուտինը ստորագրել է ներգաղթի վերահսկողությունը խստացնող օրենքներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիներին, տուգանքից բացի, սպառնում է նաև արտաքսում Ռուսաստանից։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

Նոր օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների թիվը, որոնց դեպքում կարող է կիրառվել արտաքսում, ավելացել է 22-ից մինչև 45։

Մասնավորապես, արտաքսում կկիրառվի սեռի, ռասայի, ազգության, լեզվի, կրոնի կամ այլ հատկանիշներով խտրականության համար։ Եթե մինչ այժմ նման խախտման համար նախատեսված էր միայն 1-3 հազար ռուբլու տուգանք, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացիները, նույն տուգանքից բացի, պարտադիր կարտաքսվեն երկրից։

Նույն պատիժը կսահմանվի նաև պետական սահմանը պահպանող զինծառայողի, ինչպես նաև ոստիկանության, Անվտանգության դաշնային ծառայության, պետական պահպանության մարմինների կամ Ռոսգվարդիայի ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու դեպքում։

Արտաքսում կսպառնա նաև մանր խուլիգանության, հանրահավաքների և պիկետների անցկացման կանոնների խախտման, տրանսպորտային հաղորդուղիների արգելափակման, չթույլատրված վայրերում հրաձգության, հասարակական վայրերում թմրամիջոցների օգտագործման և մի շարք այլ վարչական իրավախախտումների համար։

Բացի այդ, օրենքը նախատեսում է արտաքսում նաև արգելված խորհրդանիշների քարոզչության կամ հրապարակային ցուցադրման, ազգային կամ կրոնական ատելություն հրահրելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի, ՌԴ զինված ուժերի վարկաբեկման, պատժամիջոցների կոչերի, մարդու իրավունքների հանձնակատարի գործունեությանը խոչընդոտելու, գործադուլին մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու, զանգվածային լրատվամիջոցների ազատության չարաշահման, ինչպես նաև «օտարերկրյա գործակալի» գործունեության կանոնների խախտման, արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի խախտման, հակաահաբեկչական գործողության ռեժիմի խախտման, անցանկալի կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու և ծայրահեղական նյութերի արտադրության ու տարածման համար։

Միաժամանակ օրենքը բարձրացնում է նաև միգրացիոն օրենսդրության խախտումների համար նախատեսված տուգանքները։ Մասնավորապես, մուտքի կամ բնակության կանոնների խախտման, ապօրինի աշխատանքային գործունեության, ինչպես նաև միգրացիոն հաշվառման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու և այլ խախտումների համար նախատեսված տուգանքները գրեթե կրկնապատկվում են։

Բացի այդ, օրենքը սահմանափակում է դատարանների հնարավորությունը՝ արտաքսումը փոխարինելու միայն տուգանքով՝ հաշվի առնելով խախտողի ընտանեկան դրությունը, Ռուսաստանում բնակության տևողությունը կամ այլ մարդասիրական հանգամանքներ։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 90 օր անց։