Դատախազական ներգործության արդյունքում Շիրակի մարզի Ամասիա համայնքին վերադարձվել է համայնքային սեփականություն հանդիսացող 5.03766 հա մակերեսով արոտավայր։
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նյութերը, պարզել է, որ Ամասիա համայնքի նախկին ղեկավար Ջ. Հ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Բանդիվան բնակավայրում գտնվող 5.03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի։
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքը համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ։
Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2026 թվականի հուլիսի 30-ին Կադաստրի կոմիտեում Բանդիվան բնակավայրի 5.03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։









