Foto

Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ին տված հարցազրույցում վերհիշել է պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկն ու ԱՄՆ-ում ունեցած տպավորիչ ելույթները։


— Ձեր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Կանզաս-Սիթի Ուիզարդսն» էր, որը դրաֆթում Ձեզ ընտրեց չորրորդ համարի ներքո։

— Այն ժամանակ ես նույնիսկ չգիտեի, թե դա ինչ է: Պարզապես զրո պատկերացում ունեի: Լոս Անջելեսի «Չիվասը» ցանկանում էր ինձ վերցնել հինգերորդ համարի ներքո, ուստի մենք պարզապես սպասում էինք: Բայց հանկարծ միջամտեց «Կանզասը»: Ամբողջ ընտանիքս շոկի մեջ էր. 17 տարեկանում ես մեկնեցի այլ նահանգ: Եվ դրա շնորհիվ ես շատ արագ հասունացա:


— Իսկ արդեն երեք տարի անց «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում դարձաք ՄԼՍ-ի չեմպիոն:

— Այո՛, մենք փլեյ-օֆֆ դուրս եկանք վերջին տեղով (խմբ.՝ նկատի ունի փլեյ-օֆֆի ուղեգիր տվող վերջին հորիզոնականը), և վերջին րոպեին ես խփեցի վճռորոշ գոլը: Իսկ հետո եզրափակիչում խաղացինք «Գելաքսիի» դեմ, որի կազմում հանդես էին գալիս Դևիդ Բեքհեմն ու Լենդոն Դոնովանը: Եվ մենք հաղթեցինք հետխաղյա 11-մետրանոցներով: Ինձ՝ երիտասարդ տղայիս համար, դա պարզապես անհավանական էր: Ես արդեն չորս տարի խաղում էի պրոֆեսիոնալ մակարդակում, բայց հենց այդ ժամանակ լիովին գիտակցեցի. «Յուրա Մովսիսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է»:

— Ինչպե՞ս էիք նախապատրաստվում Բեքհեմի դեմ խաղին:

— Խաղից մեկ օր առաջ ամեն ինչ նորմալ էր: Հետո սկսեցի փշաքաղվել: Գիշերը չքնեցի: Բայց երբ դուրս եկա խաղադաշտ ու Բեքհեմին տեսա կողքիս, հասկացա. «Այո՛, ես արեցի դա»: Խաղից հետո նա մտավ մեր հանդերձարան, շնորհավորեց մեզ, մենք լուսանկարվեցինք: Բայց մարզաշապիկներով, ցավոք, չփոխանակվեցինք: Թեև հանդերձարանում նրա հայտնվելն արդեն իսկ բացառիկ երևույթ էր. նման բան ես այլևս չեմ տեսել: Բայց Դևիդին ամեն ինչ թույլատրված էր, նա լիգայի դեմքն էր:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2021 թվականին: