Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից, իսկ իշխանությունների հայտարարած դիվերսիֆիկացման քաղաքականությունը գործնական արդյունք չի տվել։
«Եթե 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 15,5 տոկոսն էր բաժին ընկնում Ռուսաստանին, ապա 2025 թվականին այդ ցուցանիշը հասել է 36 տոկոսի։ Իսկ 2024 թվականին այն նույնիսկ գերազանցել էր 41 տոկոսը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը ոչ թե նվազեցրել, այլ ավելի է խորացրել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից»,- ասաց նա։
Համբարյանի խոսքով՝ հատկապես սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը շարունակում է մեծապես կախված լինել ռուսական շուկայից։
«Կաթնամթերք արտահանողները իրենց արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանում են Ռուսաստան։ Եթե տարեկան արտահանվում է մոտ 16,5 մլն դոլարի կաթնամթերք, ապա շուրջ 13,5 մլն դոլարի արտադրանքն ուղարկվում է հենց Ռուսաստան։ Եթե այդ շուկան փակվի, մեր արտադրողները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն»,- նշեց նա։
Քաղաքագետը հիշեցրեց, որ վարչապետը նախ դիմել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ խնդրելով Եկատերինբուրգում բանակցել։
«Եկատերինբուրգից եկավ, խաբեց հանրությանը, թե ամեն ինչ կարգավորված է, որից հետո արգելափակումները սկսեցին։ Տեսավ, որ Միշուստինի հետ այդ բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին, հիմա ինքն է արդեն անձամբ զանգահարել Վլադիմիր Պուտինին»։
Համբարյանի գնահատմամբ՝ սա հերթական ապացույցն է, որ առանց Ռուսաստանի Հայաստանի տնտեսությունը չի կարողանում լուծել իր խնդիրները։ Եթե իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին տնտեսության դիվերսիֆիկացման մասին, ապա այսօր հենց իրենց քայլերով են ապացուցում հակառակը։
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցության թեմային՝ Համբարյանը նշեց, որ վարչապետի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ հանրաքվեն հնարավոր կլինի միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց հետո, վկայում է իշխանությունների նախկին հայտարարությունների անհամապատասխանության մասին։
«Եթե ընդունել եք օրենք, որը վերաբերում է Եվրամիությանը, ապա ներկայացրեք անդամակցության հայտը և, ձեր իսկ տրամաբանությամբ, անցկացրեք հանրաքվե։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նախկին հայտարարությունները գործնական շարունակություն չեն ստանում»,- ասաց նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ իշխանությունները չեն իրականացրել տնտեսության իրական դիվերսիֆիկացում։
«Ութ տարվա ընթացքում որևէ համակարգային քայլ չի արվել, որպեսզի հայկական արտադրանքը համապատասխանի եվրոպական չափանիշներին և կարողանա դուրս գալ այլ շուկաներ։ Այսօր, երբ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում, պարզվում է, որ այլընտրանքային շուկաներ գործնականում չկան։ Հիմա հետաքրքիր է՝ Փաշինյանին երկրպագող զանգվածն ինչպե՞ս է գնահատում իր կուռքի այս քայլերը՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները»,- ընդգծեց Համբարյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում էր նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, նախ պետք էր ստեղծել դրա տնտեսական նախադրյալները, այլ ոչ թե քաղաքական հայտարարություններ անել։
«Այսօր, երբ վարչապետն անձամբ դիմում է Պուտինին՝ արտահանման խնդիրները լուծելու համար, ինքն իր գործողություններով հերքում է տարիներ շարունակ հնչեցրած այն թեզերը, թե Հայաստանը հաջողությամբ ազատվում է ռուսական տնտեսական կախվածությունից։ Հիմա էլ Փաշինյանը զանգում է Պուտինին ու ասում է, որ ձեր կողմից մտցված պատժամիջոցները խախտում են հայ-ռուսական հարաբերություններում ձեռք բերված համաձայնագրերը և ԵԱՏՄ կանոնները։ Սա օրվա անեկդոտն է»,- եզրափակեց քաղաքագետը։









