Երեք կին վիրավորվել է Փարիզի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող «Պորտ դը Կլիշի» թաղամասում տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ըստ Փարիզի ոստիկանության տվյալների՝ երկու սառը զենքերով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժած երեք անձինք անհապաղ բժշկական հսկողության տակ են առնվել և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանց թվում կա հղի կին, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Կասկածյալին հաջողվել է ձերբակալել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի միջամտության շնորհիվ։ Նա նկատել է զինված տղամարդուն, օգնություն կանչել և հետևել նրան մինչև պարեկային խմբի ժամանումը։ Կասկածյալին վնասազերծել են առանց հրազեն կիրառելու։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում տղամարդը շփոթված տեսք ունի և ասում է. «Ալլահն է ինձ հրամայել դա անել»։ Ըստ տեղեկատվության՝ հանցագործը Ֆրանսիայի 31-ամյա քաղաքացի է, ով տառապում է հոգեկան առողջության խնդրով։ Նրա արարքի դրդապատճառները դեռևս պարզված չեն։
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով զբաղվող ազգային դատախազությունը հայտնել է, որ հետևում է գործի ընթացքին և չի բացառում որևէ վարկած։ Պորտ դը Կլիշի տարածքը շարունակում է մնալ շրջափակված, իսկ քննիչները շարունակում են աշխատանքը դեպքի վայրում։









