Ինչպես հաղորդում է The Sun-ը, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղվելու է բրիտանական ֆուտբոլի մասին պատմող նոր սերիալի ստեղծմամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
41-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա որպես նախագծի գործադիր պրոդյուսեր։
Սերիալի սյուժեի կենտրոնում լինելու է հորինված ֆուտբոլային գործակալ, որի դերը կմարմնավորի հայտնի դերասան Դեմիեն Լյուիսը։ Վերջինս հեռուստադիտողին առավել հայտնի է «Միլիարդներ» (Billions), «Հայրենիք» (Homeland) և «Զինակից եղբայրներ» (Band of Brothers) սերիալներից:
Նկարահանումներն արդեն մեկնարկել են. օրերս Լյուիսին նկատել են Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող «Բարնետ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտում:
Հատկանշական է, որ Ռոնալդուն ոչ միայն պրոդյուսերական աշխատանքներով է զբաղվելու, այլև ինքն անձամբ է նկարահանվելու սերիալում։ Բացի այդ, նկարահանումներին կմասնակցի նաև Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռուստասերիալը կունենա դրամայի ձևաչափ, սակայն համեմված կլինի կատակերգական տարրերով։
Նախագիծն իրականացնում է «UR•Marv Studios» կինոստուդիան, որը Ռոնալդուն ղեկավարում է հայտնի պրոդյուսեր Մեթյու Վոնի հետ համատեղ։









