Հյուսիսային Կորեայի միջուկային տերության կարգավիճակը վերջնական է ու անշրջելի, իսկ երկրի միջուկային ներուժը շարունակաբար ամրապնդվելու է։ Այս մասին հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի բաժնի պետ, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Ով ինչ էլ ասի, ԿԺԴՀ-ի՝ որպես պատասխանատու միջուկային պետության կարգավիճակն ու նշանակությունը, որն ապահովում է Կորեական թերակղզում և նրա սահմաններից դուրս ուժերի հավասարակշռությունն ու երաշխավորում աշխարհաքաղաքական անվտանգությունը, վերջնական են ու անշրջելի։ ԿԺԴՀ-ի միջուկային հզորությունն անդադար թարմացվելու է»,- ընդգծել է նա։
Այս հայտարարությունը պատասխան էր ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային ֆորումի նախագահի փաստաթղթին, որտեղ կոչ էր արվում լիովին ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին։ Կիմ Յո Ջոնգը «լուրջ դժգոհություն» է հայտնել ֆորումի դիրքորոշման կապակցությամբ և վճռականորեն մերժել այն։
Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի բաժնի պետն ընդգծել է, որ սահմանադրությամբ ամրագրված Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային պետության կարգավիճակն անհնար է փոխել «իրավաբանական որևէ պարտադիր ուժ չունեցող թղթի կտորով»։ ԱՄՆ-ի և նրա արբանյակ երկրների հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գաղափարին անվանել է «ռազմավարական մտածողության պարտություն» և «հիմար երազանք»՝ նշելով, որ այդ հայեցակարգը բոլոր առումներով վաղուց կորցրել է իր իմաստը։
«Մեր դիրքորոշումը հետևողական է ու հստակ․ միջուկային զսպման ուժերը պետության ինքնիշխանության հուսալի վահանն են և պետական իշխանության պաշտպանության լավագույն երաշխիքը»,- եզրափակել է Կիմ Յո Ջոնգը։









