Չինաստանում կանայք զանգվածաբար մեծ գումարներ են վճարում այսպես կոչված «հարաբերությունների քոուչներին», որոնք խոստանում են օգնել վերադարձնել նախկին զուգընկերներին։ Սակայն շատ հաճախ նրանց հաճախորդները մնում են և՛ առանց գումարի, և՛ առանց հաշտության հույսի, գրում է South China Morning Post-ը։
Վան ազգանունով ներկայացած մի կին պատմել է, որ բաժանումից հետո մեկ ամիս տևող շուրջօրյա խորհրդատվության համար վճարել է 500 դոլար։ «Մասնագետը» նրան համոզել է, որ հարաբերությունները չեն ավարտվել զգացմունքների բացակայության պատճառով, այլ իր անվստահության հետևանքով։
Դասընթացի ծրագիրը ներառել է առաջին երեք շաբաթների ընթացքում նախկինի հետ շփման լիակատար արգելք, արտաքինի փոփոխություն, սոցիալական ցանցերում «ճիշտ» լուսանկարների հրապարակում, ինչպես նաև հատուկ զրույցների թեմաների ուսուցում, որոնք պետք է կրկին հետաքրքրեին տղամարդուն։ Քոուչը վստահեցրել է, որ բոլոր խորհուրդները ճշգրիտ կատարելու դեպքում հաջողության հավանականությունը հասնում է 90 տոկոսի։
Սակայն փորձն անհաջող է ավարտվել․ նախկին երիտասարդը պարզապես արգելափակել է աղջկան մեսենջերում։ Դրանից հետո նրան առաջարկել են ձեռք բերել ավելի թանկ ծրագիր՝ «փորձառու մենթորի» մասնակցությամբ։
Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ նման ծառայությունները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում։ Նախկին զուգընկերներին վերադարձնելու և հարաբերություններին վերաբերող հեշթեգները սոցիալական ցանցերում հավաքում են միլիարդավոր դիտումներ, իսկ նման ծրագրերի արժեքը երբեմն հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։
Փորձագետների գնահատմամբ՝ նման ընկերությունները հաճախ օգտվում են բաժանումից հետո մարդկանց խոցելի հոգեվիճակից՝ առաջարկելով արագ լուծումներ մասնագիտական հոգեբանական աջակցության փոխարեն։









