Foto

Ո՞վ է բրիտանական թագավորական ընտանիքի ապագա հայ հարսնացուն՝ Էլեանոր Էքսերջյանը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի քրոջ՝ արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սեմյուել Չատտոն, ինչպես արդեն նշել ենք, նշանադրվել է բրիտանահայ նկարչուհի և կինոռեժիսոր Էլեանոր Էքսերջյանի հետ։

Զույգը նշանադրության մասին հայտնել է հուլիսի 13-ին։ Սեմ Չատտոն առաջարկություն է արել իր ձեռքով պատրաստած ճենապակյա մատանիով։ Բուքինգհեմյան պալատը հաստատել է նշանադրությունը, իսկ հարսանիքը նախատեսվում է անցկացնել 2027 թվականի գարնանը։

Ո՞վ է Էլեանոր Էքսերջյանը

Էլեանոր Էքսերջյանը 1996 թվականին ծնված բրիտանահայ նկարչուհի և կինոռեժիսոր է։ Նրա աշխատանքներում միավորվում են գեղանկարչությունը, արագ ու արտահայտիչ գծանկարը և շարժվող պատկերը։ Արվեստագետի ստեղծագործությունների կարևոր թեմաներից են հայկական ինքնությունը, պատմական հիշողությունը, հայրենիքի ընկալումը և սփյուռքահայի կապը իր արմատների հետ։

Նա մեծացել է Մեծ Բրիտանիայում՝ մշտապես հետաքրքրվելով իր հայկական ծագմամբ։ 2022 թվականին Էքսերջյանն առաջին անգամ այցելել է Հայաստան և այդ ճանապարհորդության ընթացքում նկարահանել իր առաջին՝ «Imagined Landscapes» («Երևակայական բնապատկերներ») ֆիլմը։ Այն պատմում է մի երկրի մասին, որը նա երկար տարիներ ճանաչել էր ընտանեկան հիշողություններից և երևակայությունից, բայց նախկինում երբեք չէր տեսել։

Հայաստանում նա Սեմ Չատտոյի հետ շուրջ մեկ ամիս ուսումնասիրել է երկրի բնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու ճարտարապետությունը։ Այդ այցի արդյունքում ստեղծված աշխատանքները ներկայացվել են «Երևակայական բնապատկերներ» և հետագայում նաև հայաստանյան թեմաներով այլ ցուցահանդեսներում։

Էքսերջյանի վերջին նախագծերից մեկը՝ «We Are Our Mountains» («Մենք ենք, մեր սարերը») ցուցահանդեսը, անդրադառնում է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի բնապատկերներին, սփյուռքի հիշողությանը, մշակութային պատկանելությանն ու հայրենիքի գաղափարին։

Արվեստագետների ընտանիքից

Էլեանորի հայրը՝ Դեյվիդ Էքսերջյանը, հայտնի արվեստաբան է և Լեսթերի համալսարանի արվեստի ու կինոյի պատմության պրոֆեսոր։ Նրա մայրը՝ Սյուզան Մուրը, արվեստի քննադատ է։ Այսպիսով, Էլեանորը մեծացել է արվեստի և մշակույթի հետ սերտորեն կապված ընտանիքում։

Նրա նշանածը՝ Սեմյուել Չատտոն, նույնպես արվեստագետ է։ Նա հիմնականում զբաղվում է խեցեգործությամբ և քանդակագործությամբ։ Սեմը արքայադուստր Մարգարետի դստեր՝ լեդի Սառա Չատտոյի և նկարիչ Դենիել Չատտոյի որդին է ու ներկայում բրիտանական գահաժառանգության հերթում մոտ 30-րդն է։ Նա թագավորական ընտանիքի աշխատող անդամ չէ, սակայն մասնակցում է ընտանիքի կարևոր միջոցառումներին։

Էլեանորն ու Սեմը ծանոթացել են Էդինբուրգի համալսարանում և հարաբերությունների մեջ են 2021 թվականից։ Նրանց միավորում է ոչ միայն անձնական կապը, այլև արվեստի, հայկական բնապատկերների և մշակութային հիշողության հանդեպ ընդհանուր հետաքրքրությունը։

Նշանադրությունից հետո Էլեանոր Էքսերջյանը կարող է դառնալ բրիտանական թագավորական ընտանիքի ընդլայնված շրջանակի առաջին հայտնի բրիտանահայ ներկայացուցիչներից մեկը։