Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 15-ի գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է երկու Kh-59/69 կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ ժամը 8:30-ի դրությամբ խոցվել է 101 ԱԹՍ։
Սումիի իշխանությունները հայտնել են, որ օդային հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 20 մարդ։
Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 15-ի առավոտյան հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ Մարզը զանգվածային հարվածների է ենթարկվում արդեն հինգ օր շարունակ։
Զապորոժիեի մարզում ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվել։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Կրիվոյ Ռոգի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։
Եվս 1 զոհ է գրանցվել Չեռնիգովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով Նիկոլաևի մարզում 67-ամյա տղամարդ է զոհվել, ևս 1 մարդ վիրավորվել է։
Խարկովում էլ կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 15-ի 07:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության համակարգերը «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 93 ԱԹՍ Ռուսաստանի 6 շրջանում, այդ թվում՝ Մոսկվայում, Ղրիմում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում։
Վորոնեժի նահանգապետի խոսքով՝ 1 մարդ վիրավորվել է, վնասվել է երեք մասնավոր տուն։
Դոնի Ռոստովի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ ընկնող ԱԹՍ-ի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը, զոհեր չեն գրանցվել։









