Իսրայելի բանակը դադարեցրել է Լիբանանի հարավում հարվածների իրականացումը՝ ԱՄՆ-ի խնդրանքով։
Իսրայելական պետական KAN հեռուստաընկերությունը, հղում անելով Իսրայելի անվտանգության կառույցների անանուն ներկայացուցչին, հայտնել է, որ Թել Ավիվի կառավարության կողմից բանակին տրված հրամանը՝ ԱՄՆ-ի պահանջներին համապատասխան, ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության իրավիճակը, ինչպես նաև Լիբանանի հետ բանակցությունների ընթացքը։
Հաղորդման համաձայն՝ Թել Ավիվը դիտարկել էր Իրանին հնարավոր պատասխան հարված հասցնելու տարբերակը՝ ներառյալ իրանական ռազմավարական թիրախներին հարվածելու հնարավորությունը։ Սակայն Սպիտակ տան խնդրանքով իսրայելական բանակին հրահանգվել է «մնալ սպասման ռեժիմում», որպեսզի ներկայիս լարվածությունը չտարածվի նաև Իսրայելի վրա։
Միևնույն ժամանակ KAN-ը հայտնում է, որ սպասվում է՝ հաջորդ շաբաթ Իսրայելի բանակը կսկսի դուրս բերել զորքերը Լիբանանի հարավում գտնվող որոշ հատվածներից։
Զորքերի դուրսբերման գործընթացին զուգահեռ Հռոմում կանցկացվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը։
Հռոմում կայանալիք բանակցություններում իսրայելական պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լայթերը։ Պատվիրակության կազմում կընդգրկվի նաև տեխնիկական խումբը, որը մասնակցել է նախորդ բանակցային փուլերին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Լիբանանի հետ բանակցությունների հերթական փուլը կկայանա հաջորդ շաբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, իր հերթին, հայտնել է․ «Հռոմում բանակցությունների անցկացումը հաստատվել է։ Նախատեսվող ամսաթիվը հուլիսի 15-16-ն է։ Սակայն դա որոշ չափով կախված է ամերիկացիներից, լիբանանցիներից և իսրայելցիներից․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը»։









