Foto

Վերջին մեկ օրվա ընթացքում ոստիկանությունը բացահայտել է 174 հանցագործություն

Բացահայտված դեպքերից 69-ը վերաբերում են վարորդական իրավունքից զրկված, կասեցված կամ այն չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելուն, 17-ը՝ ֆիզիկական ներգործությանը, 11-ը՝ խարդախությանը, 9-ականը՝ մարմնական վնասվածք պատճառելուն և անձնական ունեցվածքի գողությանը, 8-ը՝ թմրանյութի հայտնաբերմանը։

Բացի այդ, բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու, հարկերից և ալիմենտ վճարելուց խուսափելու, սուտ մատնության, ինքնիրավչության, դրամական միջոցների մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման և այլ հանցագործություններ։

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ հայտնաբերվել է 7 հետախուզվող, ևս 7-ը կամավոր ներկայացել են, իսկ զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք է գրանցվել։

Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։