Foto

ՀՀ-ում առաջին անգամ կամուրջների հեծանների մոնտաժումն իրականացվում է կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժումն իրականացվում է կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ՝ ապահովելով շինարարական աշխատանքների բարձր ճշգրտություն և անվտանգություն։

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Կառուցվում է II տեխնիկական կարգի 32կմ ճանապարհ։ Արդյունքում երթևեկության ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կավելանա մինչև 80 կմ/ժ-ի, ուղևորության ժամանակը կկրճատվի 35-40 րոպեով։ Ծրագիրը ներառում է նաև 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 15 նոր կամուրջների կառուցում։

Կառուցումից հետո ճանապարհը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին:
Ծրագիրն իրականացվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։