Foto

Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ասում են, թե Տիգրան Ավինյանը ինքնասպանություն է կանխել Հաղթանակի կամրջի վրա:

Իսկ ես կարծում եմ, որ գործ ունենք ավելի շուտ ոչ թե ինչ որ բան կանխելու, այլ՝ սկսելու հետ: Սկսել է նրա քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար: Իսկ այս ընթացքում, Տիգրան Ավինյանը ոչ թե հավաքել է վարկանիշ՝ նախորդ ընտրությունից հետո, այլ կորցրել անգամ երեւանցի ընտրողների այն 9 տոկոսի ձայնից, որով նախորդ անգամ դարձավ քաղաքապետ:

Հիմա իհարկե կարիք է լինելու Տիգրան Ավինյանի համար կերտել էպիքական սյուժեներ, թեեւ բավականին բարդ է ասել, թե որքանով դա կօգնի փրկել իրավիճակը: Այլ կերպ ասած, Տիգրան Ավինյանը հիմա զբաղված է իր վարկանիշը փրկելով, եւ հնարավոր է, որ այդ շրջանակում նա առաջիկայում ավելի հաճախ փրկի ոչ միայն մարդկանց, այլ նաեւ օրինակ կենդանիների՝ շներ, կատուներ եւ այլն:

Իրականում, պատկերը իհարկե բավականին բարդ է առաջին հերթին իշխանության ներսում, ինչը մենք տեսանք ԱԺ նախագահի ընտրության հարցում: Ամբողջ խնդիրն այն է, որ ներիշխանական միջավայրում բոլոր՝ շատ, թե քիչ ադեկվատ ընկալում ունեցողները հասկանում են, որ տեղի է ունեցել չափազանց խնդրահարույց ընտրություն: Իսկ Տիգրան Ավինյանը անկասկած այդ ընկալումն ունեցողների շարքում է: Եվ ըստ այդմ, նա լավ է պատկերացնում, որ՝ մի կողմից չի կարող հրաժարվել Երեւանի քաղաքապետի կարգավիճակից եւ թեկնածությունից, մյուս կողմից՝ եթե նա կրկին ամեն գնով դառնա քաղաքապետ, 2026-ի ընտրական պրոցեսի ոչ լեգիտիմության ամբողջ ծանրությունը Նիկոլ Փաշինյանը հմտորեն տեղափոխելու է հենց նրա վրա»: