ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ երկրում բենզին վաճառող ընկերություններն անհապաղ իջեցնեն վառելիքի գինը, և սպառնացել է լուրջ հետևանքներով, եթե դա տեղի չունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Բենզինի մանրածախ վաճառողները պետք է անհապաղ իջեցնեն գինը։ Այն չափազանց բարձր է՝ հաշվի առնելով, որ նավթի գինը ներկայում մեկ բարելի համար 68 դոլար է և ավելի է նվազում։ Մանրածախ վաճառողները պետք է արագ արձագանքեն այս հայտարարությանը և ճիշտ վարվեն», – գրել է նա։
Թրամփը շեշտել է, որ արհեստականորեն բարձրացված գներ չեն լինի, քանի որ դա անօրինական է։«Եթե մանրածախ վաճառողները դա չանեն (խմբ.՝ չնվազեցնեն բենզինի գինը), ապա նրանց մեծ խնդիրներ են սպասվում», – ընդգծել է նա։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ում բենզինը պետք է արժենա մեկ գալոնի (3,785 լիտր) համար մոտ 2,50 դոլար։ Նա նաև ընդգծել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները պետք է իջեցնեն վառելիքի համար սահմանված հարկերը։









