Մանդատների հետ կապված վերջնական որոշում մեր կուսակցությունը չունի։ Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Բոլորն ԱԱԾ մեկուսարանով անցնելու են, նոր այդ մանդատն ունենան, ոչ մի լավ բան չի տալիս, աշխատավարձ, բան, մենք դրա հետաքրքրությունը, կարիքը չունենք, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է։ Մեզ համար կարևոր է թափանցիկությունը ապահովել, մարդկանց հետ խոսել։ Չենք կարող անտեսել պետական ինստիտուտները։ ՍԴ-ն, եթե անհրաժեշտ կամք դրսևորի, կապահովի ձայնագողության՝ ԲՀԿ-ի ձայների գողության բացակայությունը»,-ասել է նա։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ պայքարի այս փուլում՝ Սամվել Կարապետյանի կոնսոլիդացիայի կոչից հետո, նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։
«Նրանց հետ ընդհանուր քննարկումների արդյունքում կմշակենք այն ռազմավարությունը, որը հետագայում պետք է վարենք, միասին հասկանանք՝ ինչպես անենք, որ այս իշխանությանը հնարավորինս շուտ հրաժեշտ տանք»,- նշել է նա։
Նարեկ Կարապետյանը հետագա քայլերի առնչությամբ նաև նշեց՝ Սամվել Կարապետյանը մասնակցելու է Հայաստանի վերակառուցմանը, երկարաժամկետ պլաններ ունի՝ Հայաստանի զարգացման հետ կապված։
«Կգա օրը, և երևանյան փողոցում պայքարն իր խոսքը կասի»։









