Foto

Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է. դեսպան

Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի են զարգացել հատկապես վերջին տարիներին, և ամրապնդվում են տարբեր ոլորտներում համագործակցության շնորհիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նա շեշտեց՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բազմակողմ է, երկու երկրները գործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության, առողջապահության։

«Բոլոր բնագավառները, որոնք դիտարկում ենք, լինի կրթություն, մշակույթ, առողջապահություն, պաշտպանություն, քաղաքականություն թե տնտեսություն, մենք չափազանց լավ համագործակցում ենք: Կարծում եմ՝ վերջին 4-5 տարիներին մեր հարաբերություններն էլ ավելի են զարգացել, և մենք շատ ուրախ ենք տեսնել այս հարաբերությունների հետագա ամրապնդումը», – նշեց դեսպանը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ դեսպանն ընդգծեց՝ երկու երկրների պաշտպանական համագործակցությունը թե՛ ռազմատեխնիկական, թե՛ կարողությունների զարգացման ոլորտներում է։ «Եվ կարծում եմ՝ մենք շատ լավ առաջ ենք գնում այդ բոլոր ճակատներում», – հավելեց դիվանագետը։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին Հորմուզի նեղուցի փակմանը և Հնդկաստանի տնտեսության վրա ստեղծված իրավիճակի ազդեցությանը՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան շեշտեց, որ Հնդկաստանը մարտահրավերները վերածում է հնարավորությունների։

«Վերջին տարիներին Հնդկաստանի կառավարությունը տարբեր ճգնաժամերի և ցնցումների միջով է անցել, այդ թվում՝ 2020 թվականի համավարակը, Արևմտյան Ասիայում իրավիճակը…. Եվ այս պատերազմն, անշուշտ, թողել է իր հետևանքները։ Բայց կարծում եմ՝ մենք Հնդկաստանում անում ենք հետևյալը՝ մարտահրավերները վերածում ենք հնարավորությունների։ Եվ մենք միշտ այդպես ենք վարվել», – նշեց նա։

Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանն ունի հում նավթի ռազմավարական պաշարներ, հետևաբար, Հորմուզի նեղուցի փակման ընթացքում երկրում նավթի պակաս չի եղել, կառավարությունը որոշ ժամանակ կայուն է պահել գները, սակայն պատերազմի ծավալմանը զուգընթաց արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի գնի աճ։ Եղել է նաև խնդիր հեղուկ գազի և հեղուկացված բնական գազի հետ, քանի որ դրա գրեթե 70 տոկոսը ներմուծվում է Կատարից։

«Եվ Հորմուզի նեղուցի փակման պատճառով Հնդկաստանը ստիպված էր շատ արագ դիվերսիֆիկացնել (խմբ.՝ մատակարարման աղբյուրները)։ Այսօր հեղուկ գազի և հեղուկացված բնական գազի գրեթե 45 տոկոսը ներմուծվում է ԱՄՆ-ից», – նշեց դեսպանը՝ հավելելով, որ երկիրն արդեն աշխատում է հեղուկ գազի և հեղուկացված բնական գազի ռազմավարական պաշարների ուղղությամբ։

Բացի այդ, Հնդկաստանը նավթ է ներմուծում տարբեր երկրներից։

«Այսպիսով, ցանկացած մարտահրավեր, ցանկացած խնդիր օգտագործվում է որպես հնարավորություն՝ նաև շտկելու և պատրաստված լինելու հաջորդ ճգնաժամին», – եզրափակեց դիվանագետը։