MarineTraffic-ի նավերի հետևման համակարգի տվյալները ցույց են տալիս, որ հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-Իրան հակամարտության ավարտի շուրջ համաձայնագրի ձեռք բերման մասին հայտարարությունից հետո Պարսից ծոցից դուրս եկող և Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը մեծ չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
BBC Verify-ի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում եղել է միայն յոթ նավ՝ երեք լցանավ և չորս բեռնատար նավ, որոնք անցել են ջրային ճանապարհով և դուրս են եկել Օմանի ծոց։
Windward ծովային հետախուզական ընկերության տվյալներով՝ հեղուկացված նավթային գազ տեղափոխող մեկ լցանավ անցել է առանց իր գտնվելու վայրը հայտնելու, մյուս վեց նավերը դուրս են եկել ակտիվացված հետևող համակարգերով։
Disha հեղուկ բնական գազ տեղափոխող լցանավն առաջին նավն էր, որ անցել է նեղուցով՝ միացված տեղորոշման տրանսպոնդերներով։ Ըստ Հնդկաստանի իշխանությունների՝ նավն այժմ մտել է Արաբական ծով և ուղևորվում է Հնդկաստանի Գուջարաթի նահանգի Դահեջ նավահանգիստ։
Մարտի սկզբից ի վեր նեղուցով նավերի տեղաշարժը մնացել է սովորականից զգալիորեն ցածր։ Նախորդ շաբաթվա ընթացքում օրական միջինում հինգից վեց նավ է անցել, իսկ հակամարտությունից առաջ նեղուցով անցնող նավերի օրական քանակը գերազանցել է 100-ը։









