Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր ականորս նավերն ուղարկել Հորմուզի նեղուց՝ ականազերծման գործողություններ իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
«Տվյալ գոտում են գտնվում մեր երկու ականորս նավերը՝ Lyre-ը և Androm de-ն, որոնք պոտենցիալ կերպով պատրաստ են ուղեկցել ականազերծման գործողությունները», – ասել է գերատեսչության ղեկավարը։
Նա չի նշել, թե հատկապես որտեղ են գտնվում նավերը, բայց ընդգծել է, որ այժմ դրանք «հեռու չեն Հորմուզի նեղուցից»։
«Դա նշանակում է, որ դրանք հնարավորություն ունեն միջամտելու շատ արագ», – նշել է Վոտրենը։
Նախարարն ընդգծել է արագ ծավալման կարևորությունը, քանի որ «մինչև հիմա անորոշություն կա այն հարցի վերաբերյալ՝ արդյոք նեղուցն ականապատված է, թե ոչ»։
Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում: Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտ, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում:









