«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ճիշտ է` երեկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր դիմելու են ԿԸՀ` ընտրությունները չեղարկելու պահանջով, բայց լուրեր կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են մանդատնեը վերցնելուն, հատկապես՝ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնի խորհրդարան։ Մեզ ասացին, որ մինչ երեկ երեկո Սամվել Կարապետյանի հետ ապագա ֆրակցիան այդ հարցով քննարկում չի ունեցել:
Ասացին, որ ընդհանրապես ընտրություններից հետո ապագա պատգամավորները դեռ չեն հանդիպել Կարապետյանի հետ, բացառությամբ՝ Նարեկ Կարապետյանի և հատուկենտ անձանց։ Պատգամավորության թեկնածուները կողմ են խորհրդարան գնալուն, բայց Կարապետյանի տեսակետը դեռ հայտնի չէ:
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էլ են հակված՝ օգտվելու ոչ լեգիտիմ իշխանության թույլ դիրքերից` վերցնելով մանդատները: Փաստարկն այն է, որ գուցե ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հնարավորություն ստեղծվի: Բացի այդ, մանդատ չվերցնելը լուծում չէ, և դա պարզ երևում է Վրաստանի օրինակով, որտեղ ընդդիմությունը` Եվրոպայի հուժկու աջակցության պարագայում, մանդատները չվերցրեց, բայց դա ոչ մի ազդեցություն չունեցավ իշխող կուսակցության և կառավարության վրա: Այդուհանդերձ, վերջնական և միասնական որոշումը երկու խմբակցությունները` «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, կայացնելու են համատեղ»։









