ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ կապված հերթական միջադեպին: Հիշեցնենք, որ անվանի ֆուտբոլիստը գիտակցությունը կորցրել էր Ուկրաինայի ընտրանու դեմ կայացած ընկերական հանդիպման ժամանակ։
Ավելի ուշ Դանիայի հավաքականի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ կիսապաշտպանը գիտակցության է եկել և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրեն լավ է զգում։
Ինֆանտինոն սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում ասել է.
«Ուրախ եմ լսել, որ Քրիստիան Էրիկսենը գիտակցության է եկել և անհրաժեշտ բժշկական օգնություն է ստանում Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպից հետո։ Քրիստիանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Լավագույն մաղթանքներս եմ հղում նաև նրա ընտանիքին և Դանիայի ողջ հավաքականին։ Ուզում եմ հատուկ ընդգծել բժշկական անձնակազմի և հանդիպման պաշտոնական անձանց արագ ու արդյունավետ աշխատանքը»:
Հավելենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ դանիացի ֆուտբոլիստի կարիերայում: 2021 թվականի հունիսին Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ Էրիկսենի մոտ սրտի կանգ էր գրանցվել հենց խաղադաշտում, և նա կրկին կորցրել էր գիտակցությունը: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, ինչից հետո նա վերադարձել էր մեծ ֆուտբոլ:









