Ռուս հայտնի ֆուտբոլային մարզիչ Ալեքսանդր Տարխանովը «Матч ТВ»-ի հետ զրույցում անդրադարձել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերին՝ հայտարարելով, որ նա անպայման պետք է տեղափոխվի եվրոպական ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, հաստատել էր, որ իր որդին առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Էդուարդն արդեն տվել է իր համաձայնությունը տեղափոխությանը՝ ընդգծելով, որ խաղացողի համար գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ Եվրոպան։
– Ձեր կարծիքով, որքանո՞վ է նպատակահարմար այժմ տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
– Նա հիմա 25 տարեկան է, պետք է մեկնի Եվրոպա։ Սաուդյան Արաբիան այն ֆուտբոլիստների համար է, ովքեր արդեն 30-ն անց են։ Սովորաբար այնտեղ գնում են պարզապես գումար վաստակելու նպատակով։ Պետք է ուսումնասիրել ֆինանսական պայմանները. կարծում եմ՝ «Կրասնոդարում» նա կարող է ոչ պակաս գումար վաստակել։
– Կարո՞ղ է նա դեռ առաջարկ ստանալ եվրոպական ակումբից։
– Հիմա բարդ է այդ մասին խոսել, պետք է տեսնել, թե ինչպես նա կխաղա Հայաստանի հավաքականի կազմում ընտրական հանդիպումներում. այնտեղ նրան ուշադիր կհետևեն։ Եվրոպայում միշտ չէ, որ դիտում են Ռուսաստանի Պրեմիեր լիգան,- նշել է Տարխանովը։
Նշենք, որ օրեր անց՝ հունիսի 7-ին, կլրանա Սպերցյանի 26-ամյակը։ Ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» սանը թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։








