Foto

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների, ընտրողների թիվը, կարելի է ասել, բավականին ավելացել է։ ԲՀԿ նախընտրական շտաբի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են «հաշվառել» իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքային շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, որ նախապես փոխանցած հնարավոր ձայների թվերը 50 տոկոսով ավելացել են:

Բոլորը միաբերան նշել են, որ պատճառը Ծառուկյանի՝ Փաշինյանի հասցեին արված հայտարարությունն է. «Իրա պատիժը իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի, եթե չապացուցեց, որ շպիոն եմ»: Նա այս խոսքն ասել էր մայիսի 24-ին` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե նա էլ, Անդրանիկ Թեւանյանի նման, լրտես ու պետական դավաճան է։

Այս հայտարարությունից հետո նրանք, ովքեր կասկածում էին, որ հետընտրական փուլում Ծառուկյանը կարող է աջակցել Փաշինյանին` իշխանություն կազմելու հարցում, համոզվել են, որ Ծառուկյանը «զադնի չի դնելու», եւ առճակատման գնացած Փաշինյանը եւս դրանում համոզվել է, ու նյարդերը տեղի են տվել։