Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։
Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․ «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ ազգային տոնի առիթով շնորհավորելու Ձեզ։ 1946 թվականին Իտալիայի ժողովրդի համար մեծ պատասխանատվություն էր ընտրել այն ճանապարհը, որով պետք է ընթանար։ Իտալիայի ժողովուրդն ընտրել է ազատությունն ու ժողովրդավարությունը, և շատ բարդ ճանապարհ եք դուք անցել այս տարիների ընթացքում։ Մենք, որպես անկախ պետություն, 1991 թվականից կրկին նման ճանապարհ ենք ընտրել, բայց դեռևս փորձությունների միջով ենք անցնում։ Մենք բոլորս տեսնում ենք Իտալիայի հաջողություններն ու ձեռքբերումները։
Ցանկանում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Իտալիային և Իտալիայի կառավարությանը այն աջակցության համար, որը ցուցաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ունենք նաև երկարամյա, դարավոր պատմական կապեր և, ըստ էության, առաջնորդվում ենք նույն գաղափարախոսությամբ։ Այս առումով Իտալիայի աջակցությունն ու համագործակցությունը առանձնահատուկ դեր և նշանակություն ունեն մեր երկրի և մեր ժողովրդի համար»։
Դեսպան Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով․ «Պարոն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ այս ընդունելության, շնորհավորանքի և բարեկամական վերաբերմունքի համար։ Ցանկանում եմ նաև Ձեզ փոխանցել լավագույն ողջույնները Իտալիայի Հանրապետության նախագահի՝ Սերջիո Մատարելլայի անունից»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Իտալիայի դեսպանը Հանրապետության նախագահին ներկայացրել է տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ զբոսաշրջիկների հոսքերի աճը վկայում է երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրության և վստահության ամրապնդման մասին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Իտալիայի փորձի ուսումնասիրման ու փոխանակման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում բարձր է գնահատվել հայաստանյան և իտալական տարբեր համալսարանների միջև արդյունավետ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցության շարունակական զարգացմանը։
Հանդիպման ընթացքում դեսպանը վերահաստատել է Իտալիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին։









