Foto

Ապամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված սրտիկը

Ինչպես արդեն տեղեկացրել էի, ապամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը, և տարածքը կվերադարձվի իր նախկին բնական տեսքին, հայտնում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Այս դեպքը ևս մեկ կարևոր օրինակ է, որ շրջակա միջավայրը պետք է լինի մեր ամենօրյա հոգածության և պատասխանատվության կենտրոնում։ Յուրաքանչյուր նման քայլ խոսում է մեր երկրի բնապահպանական արժեքների նկատմամբ վերաբերմունքի մասին։

Այս տարի Հայաստանը հյուրընկալելու է բնապահպանական ամենախոշոր և հեղինակավոր միջազգային միջոցառումներից մեկը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ CoP17-ը։

Սա մեծ պատիվ է մեր երկրի համար, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն։ Այսօր Հայաստանը գտնվում է համաշխարհային բնապահպանական հանրության ուշադրության կենտրոնում, և մեր յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր որոշում գնահատվում է նաև այդ տեսանկյունից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, բնապահպաններին, հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին և լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեն և բարձրաձայնում են խնդիրները՝ նպաստելով դրանց լուծմանը։

Բնության պահպանությունը համազգային օրակարգ է, որի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս մասնակցությունից և պատասխանատվությունից»,-գրել է Մաթևոսյանը։