Foto

«Շանթ» և «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 1-ին գումարեց հերթական նիստը։ ՀՌՀ-ից տեղեկացնում են, որ օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝


1․«Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ.
2․«Շանթ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 15 վարչական վարույթի եզրափակիչ փուլ).
3․«Իմպուլս» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 16 վարչական վարույթի եզրափակիչ փուլ).
4․«Ֆասթ մեդիա» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 17 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Մայիսի 8-ի և 9-ի «Շանթ» տեսալսողական ծրագրի տեսագրությունների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հեռարձակված «Հեռանկար բանավեճ»՝ հետնապատկերին «ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2026» գրությամբ», տեսալսողական հաղորդումը, որի հյուրերը եղել են ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակներով պատգամավորի թեկնածուներ, ընդմիջվել է առևտրային գովազդով։

Նմանատիպ խախտում է արձանագրվել նաև «Իմպուլս» ՍՊԸ-ի «Գործարար ալիք ԷֆԷմ 106.5» լսողական ծրագրի մայիսի 12-ի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում։ «Թարմ ուղեղով» հաղորդումը, որի հյուրը եղել է ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, նույնպես ընդմիջվել է առևտրային գովազդով։

Հանձնաժողովը որոշեց վերոնշյալ ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժեր՝ գրավոր նախազգուշացումներ:

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «Ֆասթ մեդիա» ՍՊԸ գործողությունների արդյունքում հայտնաբերել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, այն է՝ ԱԺ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անվճար րոպեներից օգտվելու իրավունքի իրացումը սահմանափակելը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ Հեռարձակողի կողմից ներկայացված այն պատճառաբանությունը, թե հեռուստաալիքը հանդիսանում է բացառապես սպորտային ուղղվածության և ձգտում է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող դիտվել որպես ընտրական օրենսդրությամբ սահմանված պարտականությունների չկատարման իրավաչափ հիմք։

Հանձնաժողովը որոշեց «Ֆասթ մեդիա» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում:

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։