Foto

Հունգարիան կասեցրել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու գործընթացը

Հունգարիայի նոր խորհրդարանը որոշել է դադարեցնել Վիկտոր Օրբանի գլխավորած նախորդ կառավարության կողմից նախաձեռնված՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) երկրի դուրս գալու գործընթացը։

«Խորհրդարանի 133 անդամ քվեարկել է համապատասխան օրինագծի օգտին, 37-ը՝ դեմ, իսկ հինգը՝ ձեռնպահ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ագնես Ֆորսթյոֆերը Հունգարիայի բարձրագույն օրենսդիր մարմնի նիստում, որն ուղիղ հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։

Հունգարիայի ՄՔԴ-ից դուրս գալը կասեցվել է ապրիլի 12-ին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ, վարչապետ Պետեր Մագյարի կողմից ձևավորված նոր կառավարության որոշմամբ։ Խորհրդարանում քվեարկությունից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ արդարադատության նախարար Պետեր Բոդիսը, ներկայացնելով կաբինետի դիրքորոշումը, հայտարարել է, որ ՄՔԴ-ն կարևոր հաստատություն է, որը «ծառայում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը և կոչված է ապահովելու վտանգավոր միջազգային հանցագործների պատիժը»։

Նախկին վարչապետ Օրբանի կառավարությունը, ընդհակառակը, կարծում էր, որ ՄՔԴ-ն վերջերս խիստ քաղաքականացված է դարձել և սկսել է օգտագործվել տարբեր պետությունների կողմից՝ միջազգային հակամարտություններում իրենց սեփական նպատակներին հասնելու համար։ Այդ հիմնավորմամբ, 2025 թվականին Բուդապեշտը հայտարարել էր կառույցից դուրս գալու մասին և հրաժարվում էր իրականացնել դրա որոշումները: