Foto

«Ասթոն Վիլա»-ն՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր

Եվրոպայի լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակչում անգլիական «Ասթոն Վիլան» վստահ հաղթանակ տարավ գերմանական «Ֆրայբուրգի» նկատմամբ և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց մրցաշարի գավաթը։

​Ստամբուլի «Տյուպրաշ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց բիրմինգհեմյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 3:0։ Խաղի գլխավոր մրցավարն էր ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն։

​Անգլիացիներն իրենց առավելությունը դրսևորեցին դեռ առաջին խաղակեսում։ 41-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (45+4′) հարձակվող Էմիլիանո Բուենդիան կրկնապատկեց այն։ Երկրորդ խաղակեսում՝ 58-րդ րոպեին, Մորգան Ռոջերսը խփեց երրորդ գնդակը՝ դնելով հանդիպման վերջակետը։

Հատկանշական է, որ Բուենդիան և Ռոջերսը, բացի խփած գոլերից, աչքի ընկան նաև մեկական գոլային փոխանցմամբ։

​Այս հաղթանակը բացառիկ նշանակություն ուներ «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի համար։ Իսպանացի մասնագետն իր կարիերայում վեցերորդ անգամ էր մասնակցում Եվրոպայի լիգայի եզրափակիչին և նվաճեց իր ռեկորդային՝ 5-րդ տիտղոսը։ Նախկինում նա այս մրցաշարում երեք անգամ հաղթել էր «Սևիլիայի» և մեկ անգամ՝ «Վիլյառեալի» հետ:

​«Ասթոն Վիլայի» համար սա 1982 թվականից ի վեր առաջին խոշոր եվրոպական եզրափակիչն էր. այն ժամանակ ակումբը նվաճել էր Եվրոպական չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների լիգան) և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը (թիմն ունի նաև Ինտերտոտոյի գավաթի հաղթանակներ 2001 և 2008 թթ․):

​Գերմանական «Ֆրայբուրգն» էլ իր հերթին պատմության մեջ առաջին անգամ էր հանդես գալիս եվրագավաթների եզրափակչում։ Մինչ այս թիմի լավագույն արդյունքը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ հասնելն էր վերջին երկու մրցաշրջաններում։