Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը «Ընտրություն․ ազատության դրամատիկ խորհուրդը» վերտառությամբ հրապարակում է արել։
«Ժամանակակից մարդը սովորել է ապրել ոչ միայն աղմուկի, այլև անվերջ ընտրությունների շրջապտույտում։ Ամեն օր նրա առջև բացվում են նորանոր հնարավորություններ, և նա աստիճանաբար սկսում է նույնացնել ազատությունը ընտրությունների անսահման բազմության հետ։ Սակայն որքան բազմանում են ընտրության հնարավորությունները, այնքան հաճախանում է շփոթությունը, որովհետև մարդը տակավ առ տակավ կորցնում է այն ներքին չափանիշը, որով կարելի է տարբերել ճշմարտությունը պատրանքից. ընտրությունը դադարում է ճանապարհ և հնարավորություն լինել՝ վերածվելով անվերջ տատամսման։
Մեր դարաշրջանի ողբերգությունն այն է, որ մարդը ցանկանում է ազատություն՝ առանց ճշմարտության, ինքնություն՝ առանց հիշողության, իրավունք՝ առանց պատասխանատվության։ Բայց ազատությունը, երբ կտրվում է բարիքից, չի ընդարձակվում․ այն ներսից դատարկվում է։ Որովհետև այն ընտրությունը, որը չի ճանաչում բարին, այլևս ազատություն չէ, այլ կամայականություն, որ վերջնարդյունքում հանգեցնում է կորստի։ Այդ պատճառով էլ Քրիստոս ասում է․ «Ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։32)։ Ավետարանական այս խոսքը բացահայտում է, որ ազատությունը չի ծնվում սահմանների բացակայությունից, այլ ճշմարտության հետ միությունից։
Քրիստոնեական հավատն ընտրությունը հասկանում է անհամեմատ ավելի խոր կերպով։ Այն պարզապես կամքի արտահայտություն չէ, այլ մարդու ողջ գոյության ուղղությունը։ Աստված մարդուն ստեղծեց ազատ, որովհետև սերը չի կարող պարտադրվել։ Այդ պատճառով ամբողջ Սուրբ Գիրքը ողողված է ընտրության դրամայով։ «Այսօր կյանքն ու մահն եմ դրել քո առաջ, օրհնությունն ու անեծքը․ ընտրի՛ր կյանքը» (Հմմտ. Բ Օր. 30։19)։ Այս խոսքերի մեջ Աստված ոչ թե ճնշում է մարդու կամքը, այլ նրա առաջ բացում է գոյութենական երկու ճանապարհ։ «Ո՞ւմ եք ուզում ծառայել» (Հեսու 24։15)․ այս հարցադրումը հնչում է ողջ Հայտնության մեջ, որովհետև մարդը չի կարող չընտրել։ Անտարբերությունն անգամ ընտրության ձևերից մեկն է, իսկ ընտրություն չկատարելը՝ հաճախ հանձնվում աշխարհի հոսանքին։
Սակայն Ավետարանում ընտրությունը նախ և առաջ ներկայություն է նշանակում։ Քրիստոս չի պարտադրում Իրեն որպես գաղափար կամ համակարգ։ Նա պարզապես հրավիրում է․ «Ահա կանգնած եմ դռան առաջ և բախում եմ. եթե մեկը լսի Իմ ձայնը և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ» (Հայտն. 3։20)։ Հավատն սկսվում է այն պահին, երբ մարդը համարձակվում է պատասխանել այդ կանչին։ Այս պատճառով քրիստոնեական ընտրությունը նաև հարաբերություն է։ Այն որոշում է ոչ միայն, թե ինչ է մարդը մտածում, այլ՝ ում է պատկանում նրա սրտի խորքը։
Աշխարհը սովորաբար ընտրությունը կապում է ուժի հետ, Ավետարանը՝ զոհաբերության։ Աշխարհը խոստանում է ինքնահաստատում, մինչդեռ Քրիստոս ասում է․ «Ով ուզում է իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով իր անձը կորցնի Ինձ համար, պիտի գտնի այն» (Մատթ. 16։25)։ Մարդը վերագտնում է իրեն միայն այն ժամանակ, երբ ընդունակ է ընծայվելու։ Այստեղ է, ահա, ազատության ամենախոր հակադրությունը․ մարդը երբեք այնքան ազատ չէ, որքան այն պահին, երբ ընտրում է սերը։ Որովհետև սերը ազատության կորուստը չէ, այլ նրա կատարյալ իրա(կանա)ցումը։ Այդ պատճառով էլ առաքյալը գրում է․ «Սիրո միջոցով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղ. 5։13)։
Յուրաքանչյուր ընտրություն մարդու ներսում կառուցում է մի նոր ուրույն աշխարհ, որտեղ սիրտն աստիճանաբար կերպավորվում է այն ճշմարտության հայելին, որին նա շարունակաբար հավանություն է տալիս։ «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ կլինի քո սիրտը» (Հմմտ. Մատթ. 6։21)։ Այդ պատճառով ընտրությունը միայն քաղաքական, բարոյական կամ հոգեբանական իրադարձություն չէ։ Այն հոգևոր իրողություն է, որի մեջ որոշվում է մարդու հավիտենական ուղղությունը։
Գուցե հենց այստեղ է ազատության ամենախոր խորհուրդը․ Աստված այնքան է հարգում մարդու արժանապատվությունը, որ նույնիսկ հավիտենությունն է դնում է նրա ընտրության առաջ։ Բայց քրիստոնեական հույսն այն է, որ մարդու վերջին հնարավորությունը պարտադիր նրա անկումը չէ։ Քանի դեռ մարդը կարող է պատասխանել Աստծու կանչին, ընտրության դուռը բաց է մնում։ Որովհետև Տերը «չի ցանկանում, որ որևէ մեկը կորչի, այլ՝ որ բոլորն էլ փրկվեն» (Հմմտ. Բ Պետ. 3։9)։
Եվ այսպես, քրիստոնեական ազատությունը պարզապես ընտրելու իրավունքը չէ։ Այն կարողությունն է ընտրելու լույսը խավարի փոխարեն, ճշմարտությունը՝ պատրանքի, սերը՝ ինքնասիրության և Աստծուն՝ սեփական կամքի ինքնաբավության փոխարեն։ Որովհետև Աստված մարդու ազատության հակառակորդը չէ, այլ նրա լույսը, և միայն այդ լույսի մեջ է, որ մարդը վերջնականապես գտնում է իրեն»,- նշել է Հայր Սուրբը։









