Foto

Յուրաքանչյուր ընտրություն, ի վերջո, վերադառնում է նույն սկզբնակետին՝ ո՞ւմ է հավատում մարդը, երբ այլևս ոչ ոք չի կարող նրան փրկություն խոստանալ. Հայր Իսահակ

Քվեատուփին մոտեցող մարդը հազվադեպ է գիտակցում, որ այդ պահին աշխարհը կարծես փոխում է իր շնչառությունը։ Դրսի աղմուկը դանդաղ նոսրանում է և նմանվում հեռվից եկող անձրևի համր ձայնին։ Թվում է՝ ամեն ինչ նույնն է՝ անուններ, խոստումներ, ծրագրեր, և մի փոքրիկ թղթի պատառիկ, որ շուտով պիտի գրավի իր տեղն արկղի մեջ։ Սակայն արկղը, ինչպես հին մենաստանի գաղտնի մատյանը, սկսում է պահել այն, ինչ մարդիկ սովորաբար ջանում են մոռանալ, նշում է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։

Հայր Սուրբն ընդգծում է՝ մարդիկ սովոր են կարծել, թե քաղաքականությունը երկրային գործ է, իսկ հոգևորը՝ անդրաշխարհային։

«Սակայն ընտրության պահին այդ սահմանը դառնում է գրեթե անտեսանելի՝ բարակ ու թափանցիկ շղարշի պես։ Որովհետև յուրաքանչյուր ընտրություն, ի վերջո, վերադառնում է նույն սկզբնակետին՝ ո՞ւմ է հավատում մարդը, երբ այլևս ոչ ոք չի կարող նրան փրկություն խոստանալ։

Քաղաքական կուռքերը, ինչպես հին ժամանակների նյութեղեն աստվածները, հաճախ հայտնվում են մեղմ ու անպարտելի վստահությամբ։ Նրանք սկզբում չեն պահանջում զոհեր։ Սկզբում միայն խոստումներ են տալիս. ժողովուրդը լսում է։ Այդ խոստումները երբեմն նման են Ավետարանի հին ու մոռացված արձագանքներին՝ ծանոթ, բայց աղավաղված, լուսավոր, բայց առանց խորքի։ Սակայն ժամանակը, որ միշտ ավելի խորազգաց ու անողոք է, քան խոսքը, քան մարդը, հետզհետե սկսում է բացահայտել ճշմարտությունը․ այն, ինչ հիմնված չէ ճշմարտության վրա, դանդաղորեն փոխում է իր բնույթը և վերածվում հակադրության։ Իսկ այն, ինչ սկսվել էր որպես փրկության խոստում, ավարտվում է նոր գերեվարությամբ։

Այսպես ընտրությունը դառնում է ոչ միայն քաղաքական գործողություն, այլև հոգու փորձություն։ Մարդը միաժամանակ կանգնում է իր ներսիդիի` վախի և հույսի, հպարտության և խոնարհության, ճշմարտության և հարմարավետության առջև։ Կարող է թվալ, թե նա պարզապես թուղթ է գցում արկղի մեջ, մինչդեռ իրականում տեղի է ունենում անաղմուկ խոստովանություն։

Կան պահեր, երբ թվում է՝ անգամ Աստված է լռում։ Սակայն այդ լռությունը բնավ դատարկություն չէ։ Այն ավելի շուտ հիշեցում է, որ մարդը չի կարող մշտապես ապրել փոխառված ճշմարտություններով։ Այդ լռությունը նման է հին, կիսաքանդ եկեղեցու ավերակներին, որոնք թեև չեն խոսում, բայց կրում են հիշողության անջնջելի հետքը։ Այդ հիշողության մեջ միշտ կա մի մեղմ, բայց համառ հարց՝ արդյոք մարդը դեռ ճանաչո՞ւմ է բարին, թե արդեն ընտելացել է միայն օգտակարին։

Այստեղ է, որ ընտրությունն ստանում է իր ամենախորը իմաստը։ Այն դադարում է լինել պարզապես իշխանության ձևավորման գործընթաց և դառնում է մարդու ներքին կողմնորոշում։ Որովհետև մարդը միաժամանակ ընտրում է ոչ միայն իշխանություն, այլև աշխարհատեսություն։

Եթե ընտրությունը կատարվում է առանց ճշմարտության, աշխարհը վերածվում է հաշվարկի։ Եթե առանց սիրո՝ մրցակցության։ Եթե առանց խղճի՝ սառը կառուցվածքի, որը կորցնում է իր խորհրդապատկերը...

Բայց եթե այդ ընտրության մեջ անգամ թույլ մի շողքով հայտնվում է դեպի բարին ուղղված մի շարժում, ապա մարդը շարունակում է պատասխանատու մնալ ճշմարտության առաջ...

Եվ այդ պատասխանատվության մեջ է, գուցե, մարդու ամենահին, անդավաճան ազատությունը»,- նշել է Հայր Իսահակը։