Foto

Դատապարտում ենք արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։ Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, ավելի վաղ իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ում տեսանյութ էր տարածվել, որտեղ դիմակավորված անձինք սպառնում էին Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք առանց օրենքով նախատեսված թույլտվության, իրացնելու նպատակով որսացել են համակարգչային ցանցում պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը, ատելության և անհանդուրժողականության շարժառիթով ուղիղ եթերի ժամանակ խուլիգանական դրդումներով զուգորդված՝ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, քաղաքական հայացքներով պայմանավորված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։ Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ: