Foto

Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգային հարաբերությունների մասնագետ, արևելագետ, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է․


«Մի շատ կարևոր առիթով Ուինսթոն Չերչիլի թևավոր դարձած՝

«Սա դեռ վերջը չէ, սա նույնիսկ վերջի սկիզբը չէ։ Բայց, թերևս, սա սկզբի վերջն է» ձևակերպումը, որոշակի վերաբերելիություն կարող է ունենալ նաև 2026թ. ԱԺ ընտրություններին։

Մասնավորապես` վերլուծելով հետպատերազմական Հայաստանում վերջին տարիների քաղաքական և հասարակական զարգացումները, և ոչ միայն, ինչպես նաև Հարավային Կովկասի ներքաշումը ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ՝ կարելի է ենթադրել, որ 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հավանաբար, չեն ազդարարելու ո՛չ 2020 թվականի հետպատերազմական շրջանի, ո՛չ էլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունների ավարտը։

Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման սկզբնական փուլի ավարտը և շատ ավելի վտանգավոր ու երկարաժամկետ մարտահրավերներով լեցուն` նորի մեկնարկը։

Եվ այս ամենի խորապատկերում խարխլված և ջլատված մեր ազգային ինքնագիտակցությունն է, առանց որի ի սպառ կփոշիանա նաև Հայաստանի ինքնությունը:

Հ.Գ. Մեր դեպքում Ազգային ինքնագիտակցությունը չի կարող նույնացվել ո՛չ ռևանշիզմի, ո՛չ էլ ծայրահեղ ազգայնականության հետ․ այն գիտակցված անցյալի հիշողությունն է, ինքնության և ազգային ժառանգության ժամանակի խարիսխը»։