Մայիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող գազալցակայանի հետնամասում։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են գնդացիր, թմբուկավոր ատրճանակ, որսորդական ողորկափող հրացան և գնդացրի 300 փամփուշտ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հարակից խաչքարի մոտ։ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, «Ֆ-1» և «ՌԳԴ» տիպի երկու նռնակ, նռնակի երկու պայթուցիչ և տարբեր տեսակի ու տրամաչափի 56 փամփուշտ։
Կրկին հիշեցնում ենք՝ երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է, մինչդեռ կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։









