Դպրոցական հրմշտոց է եղել երեխաների մեջ, արտառոց ոչ մի բան չկա, ես ձեզ հավաստիացնում եմ, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հրապարակմանը, թե 12-ամյա տղան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում, ասաց Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանը։
Նա նշեց, որ այդ տարիքին բնորոշ է, վեճեր լինում են դպրոցականների մեջ, սակայն դրանք որևէ լուրջ հետևանք չունեն. «Այս պատմությունից ինչ-որ մեկը ցանկացավ որևէ բան քաղել՝ տնօրենի ընտրություն, այս կողմ, այն կողմ... շատ չերկարացնեմ։ Երեխան, որի մասին խոսվում է, այո՛, այդ վեճի մեջ եղել է, սակայն այդ երեխայի ծնողները չեն բողոքել, լուրջ բան չի եղել։ Կարող եք երեխայի ծնողների հետ էլ խոսել, համոզվել։ Երեխան մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, նա նա փոքր խնդիրներ ունի, բժիշկների հսկողության տակ է»։
Տնօրենը պարզաբանեց, որ հրմշտոցը տեղի է ունեցել դասամիջոցին. «Երեխան խնդիր ունի, գլխապտույտներ է ունենում։ Ծնողներն էլ ասում են՝ էս ինչ սարքին մեր գլխին։ Ուղղակի մարդ կա, որին այս ամենը ձեռնտու է։ Ես եմ ընտրվել տնօրեն ու սա սպասելի էր։ Հակառակորդը լուրջ պաշտոնյայի կին է, ամուսնու պաշտոնը չարաշահելով՝ այսպիսի բաներ է անում իմ դեմ։ Սա առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ ուրիշ բան սարքեց իմ դեմ։ Ինքը մեր դպրոցի ուսուցչուհի է եղել, որ չընտրվեց տնօրեն, ամոթից չուզեց էլ գալ դպրոց։ Համենայնդեպս ես պատրաս եմ դիմակայել շատ լուրջ բաների։ Կարող եք գալ գյուղ ու հարցնել իմ մասին, մեր դպրոցի մասին էլ։ Ես փայլուն հաղթահարել եմ տեստացիան, նախարարի մոտ էլ անցել եմ։ 6 տարի եղել եմ դպրոցի տնօրեն, այս դպրոցի անունը եղել է լավագույնների մեջ»։
Aysor.am-ի հետ զրույցում 12-ամյա երեխայի մայրը՝ Մարիամը, նշեց, որ փոքր հրմշտոցից մեծ բան են սարքել. «Վայ, այ ձեր ցավը տանեմ, ինչ է եղել, ուղղակի դպրոցական հրմշտոց է։ Իմ երեխան ծնված օրվանից ունի գլխին դուրս աճած մի փոքր անոթ, հրմշտոցի ժամանակ հարվազը կպել է այդ մասին, երեխան ուշագնաց է եղել։ երեխային տարել ենք հիվանդանոց, որպեսզի հասկանանք պատճառը։ Էս դպրոցական հրմշտոցն էս ինչ են սարքել»։
Հիշեցնենք՝ Shamshyan-ը գրել էր, որ մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։









