Պեկինը «ոչ միայն տնտեսական գործընկեր է», այլև Թեհրանի՝ արտաքին սպառնալիքների դեմ ուղղված «քաղաքական հավասարակշռման» ռազմավարության մաս։ Այդ մասին հայտարարել է Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ռահմանի Ֆազլին։
«Իրանի համար Չինաստանը պարզապես տնտեսական գործընկեր կամ էներգակիրների գնորդ չէ. այն քաղաքական հավասարակշռման մաս է՝ ընդդեմ ճնշումների, սպառնալիքների և միակողմանի մոտեցման (ունիլատերալիզմի)»,- IRNA-ին տված հարցազրույցում նշել է Ֆազլին։
Հայտարարությունն արվել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի՝ Չինաստան կատարած այցի արդյունքներով և երեքշաբթի կեսօրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին մեկնելու նախաշեմին։
Ըստ Ֆազլիի՝ Արաղչիի այցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իրանն ակտիվ փորձեր է անում վերանայել իր դիվանագիտական դիրքերը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ վերջին հակամարտությունից հետո՝ ձգտելով դուրս գալ բացառապես ռազմական կամ մարտավարական պատասխան միջոցների շրջանակից։
«Հետպատերազմյան փուլի կառավարման հարցում Իրանը չի հենվում պարզապես ժամանակավոր արձագանքների վրա, այլ ձգտում է վերասահմանել իր դիվանագիտական դասավորությունը՝ ռազմավարական գործընկերների հետ փոխգործակցության միջոցով»,- մեջբերում է IRNA-ն դեսպանի խոսքերը։
Ֆազլին հավելել է, որ Չինաստանը ճգնաժամին նայել է «ոչ թե Իրանի վրա ճնշում գործադրելու դիրքերից, այլ պատերազմի զսպման և տարածաշրջանային անվտանգության փլուզումը կանխելու տեսանկյունից»։
Թեև Պեկինը դիտարկվում է որպես պոտենցիալ միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև, Ֆազլին ընդգծել է. «Միջնորդությունը չպետք է վերածվի Իրանի վրա ճնշումը կառավարելու գործիքի»։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին, պաշտոնյան նշել է, որ այդ ջրային ուղու վրա Իրանի ձեռնարկած անվտանգության միջոցները պաշտպանական բնույթ ունեն և ուղղված չեն միջազգային առևտրի դեմ։
Նշենք, որ Թրամփի՝ Պեկին կատարելիք այցի նախաշեմին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սև ցուցակում է ներառել 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ դեպի Չինաստան «իրանական նավթի վաճառքին և առաքմանը» նպաստելու համար։









