Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի հարակից հուշաքարի տարածքում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են երկու ատրճանակ, «Մակարով» տիպի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, «Ֆ-1» և «Մ-75» տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 25 փամփուշտ։
Բաժին ներկայացած Գառնիի մի բնակիչ կամավոր ներկայացրել է ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։
«ՏՕԶ» տիպի հրացան է կամավոր հանձնել նաև գառնեցի մեկ այլ տղամարդ՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։









