Foto

Սա է իսկական ֆուտբոլը. Սպերցյանը՝ ՊՍԺ-Բավարիա խաղի մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ-«Բավարիա» (5:4) ֆանտաստիկ հանդիպման տպավորություններով։ Հայ ֆուտբոլիստը հատկապես ուրախ է իր նախկին թիմակից Մատվեյ Սաֆոնովի համար, որը պաշտպանում էր փարիզյան ակումբի դարպասը։

«ՊՍԺ — «Բավարիա» հանդիպումը ֆանտաստիկա էր։ Սա՛ է իսկական ֆուտբոլը։ Խաղի ընթացքում նույնիսկ մեկ անգամ հեռախոսս ձեռքս չեմ վերցրել։ Այն, որ Մատվեյը խաղաց նման հանդիպումում, պարզապես թոփ մակարդակ է:

Երբեմն գրում ենք իրար, բայց աշխատում ենք շատ չանհանգստացնել։ Երկրպագում ենք նրան այնպես, կարծես մեր փոխարեն լինի: Հավատում եմ, որ նա այս մրցաշրջանում կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Իհարկե, բարդ կլինի, բայց ես երկրպագում եմ նրանց», — ասել է Սպերցյանը պարբերականին:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մյունխենում չորեքշաբթի օրը՝ մայիսի 6-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։