2026 թվականի հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները և դաշինքները հրապարակել են պատգամավորի թեկնածուների ընտրացուցակները։ 19 կուսակցություն և դաշինք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից ամենամեծ ընտրացուցակն ունի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներառված է 293 մարդ, որոնցից 10-ը Հայաստանում առաջին չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։ Այս մասին գրում է Հետքը:
«Հետքն» ուսումնասիրել է ՔՊ-ի ցուցակի առաջին 100 թեկնածուների տվյալները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, արդյոք եղել են 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում և այլն։ Մեր ուսումնասիրության համար ցուցակի առաջին 100 անձանց ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթահարի անցողիկ շեմը կամ մեծամասնություն կազմի, ապա, հիմնականում, առաջին 100-յակում ընդգրկված թեկնածուներն են դառնալու պատգամավոր։
Քանիսն են բարելավել իրենց դիրքերը ցուցակում՝ 2021-ի համեմատ
Կուսակցության ցուցակի առաջին 100 համարից 32-ը 2021-ին պատգամավորության թեկնածու չի եղել։ Այս թեկնածուներին, սակայն, նորեկներ չենք կարող համարել, քանի որ նրանց մեծ մասը պաշտոնյաներ են, այդ թվում՝ նախարարներ, մարզպետներ, Երևանի քաղաքապետը և այլն։ Մնացած 68 թեկնածուները եղել են նաև 2021-ի ցուցակում, որոնցից 41-ը բարելավել է դիրքերը, իսկ 24 թեկնածուների տեղը ցուցակում իջել է։ Ընտրացուցակի առաջին 100 թեկնածուներից 67-ը տղամարդիկ են, 33-ը՝ կանայք:
Ցուցակում միայն երեք թեկնածուի դիրք է անփոփոխ մնացել 2021-ի ցուցակի համեմատությամբ, նրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սուրեն Պապիկյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով հետևյալ առաջին, երկրորդ և չորրորդ հորիզոնականները։ Իսկ երրորդ համարը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է՝ փոխարինելով Լիլիթ Մակունցին։
Ինչ պաշտոններ են զբաղեցնում թեկնածուները
ՔՊ կուսակցության ցուցակի առաջին 100 թեկնածուներից 88-ն այժմ պաշտոն է զբաղեցնում Ազգային ժողովում, Կառավարությունում, համայնքներում։ 12 թեկնածու պաշտոն չի զբաղեցնում, բայց նրանց մի մասը նախկինում եղել են նախարարներ, պատգամավորներ և այլն։
Այժմ պաշտոնավարող 12 նախարարից 10-ն ընդգրկված է նախընտրական ցուցակում, իսկ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ոչ։ Բոլոր 10 մարզպետները ցուցակում են, նրանցից միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է, որ առաջին 100-ի մեջ չէ՝ զբաղեցնելով 118-րդ տեղը։ Վարչապետը և վարչապետի աշխատակազմի 7 պաշտոնյա ընդգրկվել են ցուցակում։
Ցուցակում են նաև Արագածոտնի մարզպետի տեղակալն ու խորհրդականը և Արարատի մարզպետի տեղակալը։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետը ևս ներառված է ցուցակում։ Այսպիսով՝ ցուցակի առաջին 100 թեկնածուներից 31-ն այժմ պաշտոն է զբաղեցնում գործադիր իշխանությունում։
Ցուցակի առաջին 100-յակում 19 թեկնածու համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ են, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ցուցակում նա 31-րդն է, իսկ 2021-ի ցուցակում չի եղել։ Ավինյանի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը 39-րդն է, 2021-ի ցուցակում նա 20-րդն էր։ Երևան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից երեք հոգի է ներառված ցուցակում։
Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներից 55-ը ցուցակում են, բայց առաջին 100-յակում՝ 38-ը (պատգամավորների ներգրավվածության մասին մանրամասները՝ ստորև)։
ՔՊ կուսակցության իշխանության ժամանակահատվածում պաշտոն զբաղեցրած քաղաքական գործիչներից ութը ևս ներառված են ցուցակի առաջին 100-յակում։ 23-րդ համարը Վիլեն Գաբրիելյանն է, որը 2025-ի ապրիլին վայր էր դրել պատգամավորական մանդատը, երբ Գյումրիում գինովցած վիճակում հայհոյել էր լրագրողներից մեկին։ 26-րդ համարն է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը, որը 2024-ի նոյեմբերին հրաժարական էր տվել։ Այդ շրջանում բազմաթիվ պաշտոնյաներ հրաժարական տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, այդ թվում՝ Սանոսյանը, որն այժմ Ամուլսարում ոսկու հանք շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում Կառավարության ներկայացուցիչն է։ 41-րդ համարը Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն է, որը 2025-ի հուլիսին ազատվել էր պաշտոնից։ 17-րդ համարն է Ռոմանոս Պետրոսյանը, որը վարչապետի որոշմամբ ազատվեց Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից և նշանակվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ։ Բացի նշվածներից, ցուցակի 100-յակում են նաև «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի նախագահ Սասուն Միքայելյանը, որը նախկինում մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել, Ռոման Համբարձումյանը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, Գյումրի համայնքի ավագանու նախկին անդամ Վոլոդյա Հակոբյանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









