Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա և կախազարդ՝ պատճառելով 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս, հայտնում են ոստիկանությունից։
«Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա բնակիչը։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգեվան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։
Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։









