Foto

«Ապաքաղաքական» կրթական համակարգի ներկայացուցիչը՝ ՔՊ ցուցակում. ով է Ռուզաննա Երեմյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե իրականում ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյան։

Պաշտոնապես նա ղեկավարում է Հակոբ Կոջոյան կրթահամալիր-ը։ Սակայն նրա գործունեությունը, դատելով հրապարակային վարքագծից, վաղուց դուրս է եկել կրթության շրջանակներից և ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։

Երեմյանը վերջին տարիներին սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։

Օրինակ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել»՝ փաստացի կասկածի տակ դնելով ընտրողների որոշումը։

Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյան-ին՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։

Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։ Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների և ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած՝ կրթական միջավայրը, ըստ այս պնդումների, վերածվում է նաև գաղափարական հարթակի։

Ստացվում է բավական հակասական պատկեր։

Մի կողմից՝ 2018-ից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին։ Մյուս կողմից՝ այսօր նույն համակարգի ներկայացուցիչները ոչ միայն ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլ նաև հայտնվում են իշխող կուսակցության ընտրական ցուցակներում։

Ռուզաննա Երեմյանի դեպքը հենց այդ հակասության վառ օրինակն է․ պետական կրթահամալիրի տնօրեն և միաժամանակ քաղաքականապես ակտիվ դերակատար՝ իշխանական թիմի կազմում։

Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող»։