Foto

ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդն ընդունել է մի քանի որոշում, որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում առանձին կատեգորիաների ապրանքների համար մակնշման միասնականացված կանոնները։ Այս մասին հայտնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ երկրների համալիր նախաձեռնողական առաջարկությունները և ընդունել է մի շարք որոշումներ, որոնք սահմանում են թեյի, սուրճի, կակաոյի, ներկերի և լաքերի, մանկական խաղալիքների և շինանյութերի մակնշման միասնականացված կանոններ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդունված փաստաթղթերի համաձայն՝ Միության անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն իրենց տարածքներում մակնշման սահմանման ժամկետները և կարգը։ Ըստ որում նրանք պարտավոր են ԵԱՏՀ-ին ծանուցել վեց ամսից ոչ ուշ՝ մինչև համապատասխան միջոցառումներն սկսելը։

«Մակնշվող ապրանքների կատեգորիաների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացումը, որը սպառողներին թույլ է տալիս համոզվել ապրանքների իսկության հարցում, ինչպես նաև բարձրանում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակությունն անօրինական շրջանառության նվազեցման հաշվին», – նշել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի միասնական կանոններով՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի բազային տեխնոլոգիական մոդելին համապատասխան, որը հաստատվել է 2019 թվականին։ Դա կապահովի կոդերի փոխադարձ ճանաչումը Միության երկրների միջև և շուկայի մասնակիցներին կազատի արտադրանքի վերամակնշման անհրաժեշտությունից ԵԱՏՄ-ի ներսում դրա շրջանառության ժամանակ: