ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի իշխանությունների կողմից կանխարգելիչ համարվող՝ եռամյա «Պահուստային ծրագրի» (SBA) առաջին ամփոփիչ ստուգման շուրջ։ «Պահուստային ծրագիրը» ունի կառավարության քաղաքականության և բարեփոխումների օրակարգին սատարելու նպատակ՝ մակրոտնտեսական կայունությունը պահպանելու և բարձր և կայուն աճին օժանդակելու համար։
Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է։ 2025 թվականին ՀՆԱ-ի աճը հասել է 7.2 տոկոսի, 2026 թվականին սպասվում է, որ աճի տեմպն աստիճանաբար կդանդաղի՝ ներքին պահանջարկի թուլանալուն և Մերձավոր Արևելքում պատերազմի ավելի լայն ազդեցության առարկայանալուն զուգընթաց։
Քաղաքականության առաջնահերթությունների թվում են՝ տնտեսության դիմակայունության բարձրացումը, հարկային եկամուտների հետագա մոբիլիզացումը և ծախսերի առաջնահերթության սահմանումը՝ պարտքի չափավոր մակարդակ պահպանելու, ինստիտուցիոնալ հիմնակարգերն ուժեղացնելու և կառուցվածքային բարեփոխումները՝ առևտրի բազնազանեցման կատարելագործումը, ընդհանուր բիզնես միջավայրի բարելավումը և ավելի ներառական աճի խթանումը, շարունակելու համար։
Վաշինգտոն, ԿՇ – Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Ալեքսանդր Թիմանի ղեկավարությամբ, 2026 թվականի մարտի 19-30-ն այցելել է Երևան՝ «Պահուստային ծրագրի» (SBA) շրջանակում Հայաստանի հետ առաջին ամփոփիչ ստուգման քննարկումներն անցկացնելու համար։ Քննարկումների ավարտին պրն. Թիմանը հրապարակել է հետևյալ հայտարարությունը.
«Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՀ թիմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ Հայաստանի տնտեսական բարեփոխումների ծրագրին աջակցող եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ ստուգումն ավարտելու համար։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից սույն ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսված է հունիսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու մոտավորապես 25.3 միլիոն ԱՄՆ դոլարից (18.4 միլիոն փոխառության հատուկ իրավունքից (ՓՀԻ)) ՝ 2025 թվականի դեկտեմբերին «Պահուստային ծրագրի» մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով մոտավորապես 50.6 միլիոն ԱՄՆ դոլարի (36.8 մլիոն ՓՀԻ) ։ Իշխանությունները մտադիր են շարունակել սույն ծրագիրը դիտարկել որպես կանխարգելիչ։
Հայաստանի տնտեսության բարձր ակտիվությունը պահպանվում է՝ ընդ որում 2025 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 7.2 տոկոս՝ բարձր սպառման և ներդրումների հաշվին։ Զբաղվածության աճը կայուն է եղել, իսկ գնաճի տեմպն աստիճանաբար բարձրացել է՝ 2026 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասնելով 4.3 տոկոսի։ Ընթացիկ հաշվի պակասուրդը 2025 թվականին ընդլայնվել է՝ կազմելով 7.2 տոկոս, քանի որ ներքին պահանջարկը ամրապնդվել է, առևտրային հոսքերի շարունակական կարգավորման հետ մեկտեղ՝ տարանցիկ առևտրի նվազմանը զուգընթաց։ 2025 թվականին ՀՆԱ-ի 3.7 տոկոսը կազմող բյուջեի պակասուրդը բյուջեով նախատեսվածից պատշաճորեն ցածր էր՝ ներքին պահանջարկի ճնշումներն ավելացնելուց խուսափելու և կենտրոնական կառավարության պարտքը չափավոր՝ ՀՆԱ-ի 47.3 տոկոսի չափով պահելու համար։ Բանկային համակարգը բարձր շահութաբերություն և կապիտալի և իրացվելության ամուր բուֆերներ ունի։
Ակնկալվում է, որ իրական ՀՆԱ-ի աճը բարձր կմնա, բայց կդանդաղի՝ 2026 թվականին կազմելով 5.3 տոկոս՝ ներքին պահանջարկի թուլացմանը և Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առևտրի խաթարումների նյութականանալուն զուգընթաց։ Սպասվում է, որ գնաճի բարձր մակարդակը կարճաժամկետ հեռանկարում կպահպանվի՝ պայմանավորված նավթի գների աճով և առևտրի երթուղու փոփոխության հետևանքով լոգիստիկ ծախսերի ավելացմամբ, սակայն միջնաժամկետ հեռանկարում կվերադառնա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) թիրախին։ Հեռանկարի ռիսկերը բխում են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի հետ կապված աննախադեպ անորոշությունից։ Կարճաժամկետ հեռանկարում դրանք ներառում են ապրանքների գների հետագա անկայունությունը, առևտրի խափանումները և առևտրային լոգիստիկ ծախսերի աճը: Միջնաժամկետ հեռանկարում առևտրային գործընկերների մոտ աճի տեմպի հնարավոր դանդաղումը և համաշխարհային ֆինանսական պայմանների ավելի խստացումը կարող են անդրադառնալ Հայաստանի վրա։ Դրական առումով՝ աճը կարող է գերազանցել սպասումները, եթե խաղաղության հայտարարության հիմքում ընկած տրանսպորտային կապերն ավելի արագ ներդրվեն։
Միջնաժամկետ ծախսերի առաջիկա ծրագրում իշխանությունների նպատակը մակրոֆիսկալ կայունության պահպանումն է՝ միաժամանակ օժանդակելով Հայաստանի զարգացման կարիքներին։ Այս համատեքստում, 2026 թվականի բյուջեի պակասուրդի թիրախը մնում է նպատակահարմար և իրագործելի՝ ապահովելով ծախսերի առաջնահերթ կարիքները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանությունը, մարդկային կապիտալը, ազգային անվտանգությունը և ենթակառուցվածքների զարգացումը։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի առաջնահերթության կշռադատված սահմանումը, հարկային քաղաքականության բարեփոխումների և եկամուտների վարչարարության ուժեղացման հետ մեկտեղ, կշարունակեն օժանդակել հարկաբյուջետային աստիճանական կոնսոլիդացմանը՝ պարտքը չափավոր մակարդակում պահպանելու համար։ Ողջունելի են միջնաժամկետ հարկաբյուջետային պլանավորման ուժեղացմանն ուղղված ընթացիկ բարեփոխումները։ Հանրային ֆինանսների կառավարման կատարելագործման հետագա ջանքերը, ներառյալ հարկաբյուջետային ռիսկի հուսալի կառավարման և թափանցիկության միջոցով և հանրային ներդրումների կառավարման հիմնակարգի ամրապնդումը մնում են առաջնահերթ։
Գնաճի ավելացող ճնշումների և գնաճի հեռանկարի հետ կապված անորոշության մեծացման պայմաններում անհրաժեշտ է, որ ՀՀ ԿԲ-ն շարունակի մշտադիտարկել տնտեսական զարգացումները և գնաճի սպասումները և ըստ անհրաժեշտության՝ պատրաստ լինի քաղաքականության տոկոսադրույքները բարձրացնել՝ գնաճը թիրախին վերադարձնելու համար։ Ճկուն փոխարժեքը մնում է ցնցումների հիմնական կլանիչը, և ՀՀ ԿԲ-ի միջազգային պահուստների բուֆերներն արտաքին ցնցումներից դիմակայունություն են ապահովում։ ՀՀ ԿԲ-ն շարունակում է զգոնությամբ մշտադիտարկել ֆինանսական հատվածի ռիսկերը և արդիականացնել իր վերահսկողական գործիքակազմը և կարողությունները։
Կառուցվածքային բարեփոխումների ջանքերն անհրաժեշտ է շարունակել՝ տնտեսական դիմակայունությունն ուժեղացնելու և ներառական աճը խթանելու համար։ Իշխանությունների ծրագրերը՝ խրախուսելու երկրի արտահանման զամբյուղի և շուկաների բազմազանեցումը, բիզնես միջավայրի և կազմակերպությունների թափանցիկության բարելավումը և ֆինանսների մատչելիության բարձրացումը, ողջունելի են։ Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ է զբաղվածության և արտահանման ռազմավարությունների ժամանակին և արդյունավետ իրականացում և սնանկության (անվճարունակության) հիմնակարգի արդիականացում՝ որակյալ ներդրումներին աջակցելու համար։
ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, մասնավոր հատվածին, զարգացման գործընկերներին և դիվանագիտական համայնքին՝ արգասաբեր քննարկումների, համագործակցության և հյուրընկալություն համար»։









