Foto

Հայաստանը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Իսրայելի և Լիբանանի միջև կնքված 10-օրյա հրադադարը։

Այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հույս են հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։

Ավելի վաղ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են 10-օրյա  հրադադարը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ երկշաբաթյա հրադադարի մնացած ժամանակահատվածում Իրանը Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար հայտարարում է լիովին բաց՝ հաշվի առնելով Լիբանանում հաստատված հրադադարը։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ձգտում են ամրապնդել Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը և վերականգնել երկրի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողությունը: