Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով թույլ տվեց «Օհանյան կրթահամալիր» ՍՊԸ–ին օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպել։
Այս որոշումը թույլ կտա «Օհանյան» կրթահամալիրին» 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով:
«Օհանյան» կրթահամալիրում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է 612 աշակերտ, որոնցից 43-ը՝ ավագ դպրոցում։ Նրանցից 15-ը Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) թեկնածուներ են։
Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարեկան սովորողների համար: Այն իրականացվում է ՀՀ–ում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում:
«Օհանյան» կրթահամալիրի կողմից «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն (ՄԲ) իրականացնելը նաև հնարավորություն է տալիս մայրենի լեզվի ոչ բավարար իմացությամբ հայ երիտասարդներին ավագ դպրոցը ավարտել հայրենիքում՝ ստանալով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:
«Օհանյան» կրթահամալիրը Մայքրոսոֆթի կողմից ճանաչվել է որպես «Միջազգային նորարար դպրոց» և հանդիսանում է Եվրոպական e-Twinning դպրոցների համայնքի անդամ, ինչը սովորողներին հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային նախագծերի, զարգացնել թվային հմտությունները և համագործակցել աշխարհի տարբեր երկրների դպրոցների հետ։
Որոշման ընդունումը կապահովի կրթության որակի բարձրացումը և սովորողների մրցունակությունը միջազգային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները:
ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությամբ պայմանավորված, կանխատեսվում է Սփյուռքի հայ ընտանիքների ներհոսք։ Ավագ դպրոցում երեխաների կրթությունն ապահովելու հնարավորությունը կնպաստի ընտանիքների հայրենիք տեղափոխվելու որոշմանը։
Միևնույն ժամանակ, արտերկրի քաղաքացիների համար միջազգային կրթություն ստանալը հնարավոր է ՀՀ-ում, ինչը լրացուցիչ գումարների ներհոսք կարող է ապահովել՝ նպաստելով կրթության ոլորտի զարգացմանը։









