«Իրավունք» թերթը գրում է. «Առաջիկա ԱԺ ընտրություններին, ո՞ր քաղաքական ուժի կողքին են կանգնելու արցախցիները հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նկատեց.
- Ձեր հարցին կպատասխանեի ոչ թե անուններով, այլ արժեքներով։
Արցախցու ընտրությունը չի ծնվում քաղաքական հաշվարկից։ Այն ծնվում է հիշողությունից, ցավից և արժանապատվությունից։ Այսօր մեր հասարակությունը ապրում է ներհակ իրականությունների մեջ՝ հիշողության և մոռացության, ցավի և անտարբերության սահմանագծին։ Եվ այդ սահմանագծին կանգնած արցախցին այլևս չի կարող ընտրել պատրանքներ։ Նա տեսել է իրականությունը իր ամենախոր ու անողոք ձևով։ Նրա ընտրությունը լինելու է ոչ թե հարմարավետության, այլ ճշմարտության կողմում, երբ այդ ճշմարտությունը ծանր է և պահանջկոտ։
Արցախցին կկանգնի այն ուժի կողքին, որը կկարողանա վերականգնել ոչ միայն քաղաքական համակարգը, այլ՝ ազգային հոգեբանությունը։ Որը կհասկանա, որ պարտությունը միայն տարածքի կորուստ չէ, այլ նաև ներքին հավատի խաթարում, և հենց այդտեղից պետք է սկսվի վերականգնումը։ Քաղաքականությունը, իր իսկ էությամբ, պետություն կերտելու արվեստ է։
Եվ մենք երկար ժամանակ այդ արվեստը փոխարինել ենք կառավարման տեխնիկայով՝ մոռանալով, որ պետությունը նախ և առաջ արժեքների համակարգ է։ Արցախցու անվտանգ ապրելու իրավունքը, հայրենիք վերադառնալու իրավունքը և ինքնությունը պահպանելու իրավունքը չեն կարող դիտարկվել որպես քաղաքական հարց։ Դրանք գոյության հիմքեր են։ Արցախցիները կանգնելու են նրա կողքին, ով «Արցախը» չի ընկալի որպես անցյալ, այլ՝ որպես շարունակվող պատասխանատվություն։ Ով կհասկանա, որ անվտանգությունը չի տրվում՝ այն կառուցվում է ազգային կամքով և հավատով։
Մենք այսօր կանգնած ենք ոչ թե ընտրության, այլ ինքնաճանաչման առաջ։ Արցախցիները չեն փնտրում իշխանություն։ Նրանք փնտրում են իմաստ։ Դրանով իսկ կկանգնեն այն ուժի կողքին, որը կկարողանա միավորել հասարակությունը ոչ թե վախի, այլ վստահության շուրջ, ոչ թե անցյալի բեկորներով, այլ ապագայի ամբողջական պատկերով։ Որովհետև վերջիվերջո հարցը պարզ է՝ մենք ընտրում ենք ոչ թե քաղաքական ուժ, այլ այն ճանապարհը, որով շարունակելու ենք լինել։









