Foto

Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի. Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:


Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել. 


«Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի, դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»։

Խոսելով անկախացումից ի վեր ոստիկանության համակարգի կայացման փուլերի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք շրջադարձային են եղել իրավակարգի և կարգուկանոնի պահպանման և ամրապնդման համար: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ժամանակին համընթաց դինամիկ զարգացող ոստիկանական համակարգ ունենալը. 

«Ըստ էության, մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց երբ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ պարեկային ոստիկանություն լինի՝ ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով և այլն»: Այստեղ վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումները շարունակական են լինելու, քանի որ կյանքն ու ընկալումներն անհամաչափորեն արագ են փոփոխվում և ամենօրյա աշխատանքն իր մեջ պետք է պարունակի բարեփոխման տարր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա վերաբերում է և՛ տեխնիկային, և՛ օրենսդրությանը, և՛ համազգեստին, և՛ սպառազինությանը, և՛ կարգավորումներին:

Ըստ վարչապետի, ցանկացած պաշտոնյա, ցանկացած մարդ իր պատասխանատվության և լիազորությունների շրջանակն ունի և չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրն իր գործառույթների շրջանակում զգա անհատական պատասխանատվություն: 

«Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որին մենք առերեսվում և գիտակցում ենք՝ ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է և՛ ոստիկանության աշխատողի, և՛ ուրիշների կյանքի, և՛ անվտանգության հետ: Եվ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք: Մենք գնում ենք այս ուղղությամբ և այս տրամաբանությամբ: Կարծում եմ, որ Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով՝ կարող ենք այս փոփոխությունն անընդհատ ապահովել և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունն ամրացնել, վերափոխել և անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին: Իմ կարծիքով, մենք ընթանում ենք այս ուղղությամբ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Շարունակելով խոսել ոստիկանի անհատական պատասխանատվության և առաջնորդության կարևորության մասին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է. 

«Ոստիկանության բոլոր ծառայողներն առաջնորդություն պիտի ստանձնեն, որովհետև եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ, որովհետև հենց ոստիկանի համազգեստ կրելն ինքնին առաջնորդության նշան է իր պատասխանատվության գոտում, իր չափով, և երբեք ինքը չպետք է մտածի՝ ուրիշներն են այդ առաջնորդությունն իրականացնում: Ուրիշները, իհարկե, իրականացնում են, բայց ամեն մեկն իր չափով»: Վարչապետն ընդգծել է, որ այն ինչ ասում է ոստիկանության համար, վերաբերում է պետական կառավարման բոլոր համակարգերին, քանի որ առաջնորդությունը հայեցակարգային նշանակություն ունի բարեփոխումների տեսանկյունից:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին Ոստիկանության օրվա առիթով, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար. 

«Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ձեր նվիրվածությանը, հավատում եմ ձեր պրոֆեսիոնալիզմին, հավատում եմ ձեր ներուժին, որ դուք կկարողանաք այդ խնդիրները լուծել և կկարողանանք այնպես անել, որ ոչ միայն ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, այլ ամեն ոստիկան ամեն հաջորդ օրվա հետ լինի ավելի պրոֆեսիոնալ, ավելի պատասխանատու, ավելի արդյունավետ, քան երեկ է»:

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և մասնագիտական բարձր պատրաստվածության համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: