Foto

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ. Մուստաֆաև

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ: Այս մասին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


«Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ, որի հիմնական մասը կազմում են հացահատիկը և պարարտանյութերը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս քայլն ուղղված է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը և տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության զարգացմանը։

Մուստաֆաևի խոսքով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը հուսալիորեն գործում է և ապահովում է անխափան բեռնաշրջանառություն նույնիսկ բարձր անկայունության պայմաններում։


Մուստաֆաևն ընդգծել է, որ ակտիվ աշխատանք է տարվում միջանցքի թվայնացման ուղղությամբ, ինչը թույլ կտա զգալիորեն արագացնել լոգիստիկ գործընթացները ողջ երթուղու երկայնքով։

Նա նաև հայտնել է, որ 2026 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում նկատվում է դրական դինամիկա. տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է 23%-ով, ընդ որում՝ երկաթուղային փոխադրումներն աճել են 61%-ով, իսկ ավտոմոբիլայինը՝ 13%-ով։

Փոխվարչապետը հավելել է, որ Ադրբեջանը լիովին կատարում է իր պարտավորությունները միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։