ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս ցուցահանդեսը ԿԲ դրամագիտական շրջագայության 16-րդ կանգառն է։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Սևան համայնքի կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի բացմանը ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ հանդես է եկել Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, պարային կատարումներով՝ «Սևան» ժողովրդական պարի անսամբլը, գեղեցիկ երգացանկով՝ Սևանի մշակույթի կենտրոնի երգչախումբը։ Ցուցադրությունը բաց կլինի ապրիլի 14-21-ը։
«Ցուցահանդեսը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։
Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և հուշադրամային հավաքածուներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործառույթներին ու ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու կանոններին։
Կենտրոնական բանկը կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես կրթական և մշակութային արժեքների տարածման, ինչպես նաև ֆինանսական իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։









