Իրանի իշխանությունները պլանավորում են հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար, որն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Հորմուզի նեղուցը մեր երկրի հատուկ սեփականությունն է։ Ինչպես ցանկացած սեփականության համար, որը որպես լծակ է օգտագործվում տարբեր երկրների հետ փոխգործակցության համար, նրա համար նույնպես անհրաժեշտ է մշակել հատուկ ռեժիմ», – ասել է Մոհաջերանին։
Նրա խոսքով՝ Իրանը կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրա ազգային շահերը Հորմուզի նեղուցի նկատմամբ սուվերենության հարցում պահպանվեն։
Հորմուզի նեղուցին բաժին է ընկնում աշխարհի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների շուրջ 20%-ը։
Ապրիլի 13-ին ԱՄՆ ռազմածովային ուժեըը սկսել են Հորմուզի նեղուցի երկու կողմում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ ընթանալ Հորմուզի նեղուցով, եթե նրանք Թեհրանին չեն վճարել անցնելու համար։









