Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Թ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Արամ Ավագյանը և Արգիշտի Գալստյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։









